ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե «երկու աթոռի վրա նստելու» Երևանի փորձի մասին իր խոսքերը կարելի՞ է նախազգուշացում համարել Հայաստանի ղեկավարությանը, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վերանայումը քաղաքական ոլորտում սպառնում է Հայաստանի հետ հարաբերությունների վերանայում տնտեսական ոլորտում:
«Մեկ ժամը նախազգուշությո՞ւն է ժամանակի սղության մասին։ Սա փաստերի արձանագրում էր»,- ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է նա։ Ռուս դիվանագետը նշել է, որ յուրաքանչյուրը պետք է եզրակացություններ անի՝ կախված իր առջեւ դրված նպատակից ու խնդիրներից։ «Փաստերը հայտարարվել են ի պատասխան որոշ նախատինքների կամ ոչ տեղին հռետորաբանության։ Այսօր մենք ասացինք նաև, որ անհնար է չընդունել փաստերը մյուս կողմից, և այդ փաստերի հիման վրա որոշումներ են կայացվում նաև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ»,- պարզաբանել է Զախարովան։
Պատասխանելով ՀԱՊԿ օրակարգից օգնությունը հանելու Հայաստանի խնդրանքի մասին հարցին, Զախարովան նշել է՝ «Երևի օգնություն պետք չէ»:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի քաղաքական գծի դիվերսիֆիկացման մասին հայտարարությունները՝ առանց արտաքին վեկտորը փոխելու, իրական մտադրությունները թաքցնելու փորձ է անվանել։ «Հասկանալի է, որ խոսքը արտաքին հարաբերություններում հանրապետության կողմնորոշման արմատական փոփոխության մասին է։ Եվ դա արվում է շատ հստակ՝ Արեւմուտքի առաջարկով կամ հուշումով։ Մյուս կողմից, նրանք ամեն կերպ փորձում են քողարկել դա՝ հավատալով, որ այդպիսով կարող են պահպանել և՛ օգնության, և՛ հատուկ հարաբերությունների նախկին մակարդակը»,- կարծում է Զախարովան։ Ռուս դիվանագետը նշել է, որ դա անհնար է թաքցնել նման խոսքերի և ձևակերպումների հետևում։
Ավելի վաղ ԶԼՄները հայտնել էին, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:
Նոյեմբերի 21–ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ նշելով, որ այդ մասին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում։
Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցում ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Բելառուսի նախագահը ՀՀ վարչապետին խորհուրդ էր տվել «հապճեպ որոշումներ չընդունել»։