Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր հնարավոր գործիքները՝ Հայաստանի տարածքով առևտրային ճանապարհի ստեղծումը կանխելու համար, եթե փորձ արվի ստեղծել այն ուժով։
«Այժմ, Հարավային Կովկասի հետ կապված, մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն։ Մենք ուրախ ենք, որ երկու կողմերը բանակցում են և՛ ուղղակիորեն, և՛ միջնորդների միջոցով: Դրանով մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա Ադրբեջանով և Հայաստանով հոսել Թուրքիա, ապա դա էական խթան կհանդիսանա այդ առևտրային ճանապարհի բոլոր երկրների համար»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նա ողջունել է ԱՄՆ-ի՝ դրա մի մասը լինելու հնարավորությունը և հավելել, որ եթե որոշում կայացվի դա չստեղծել խաղաղ ճանապարհով, ապա ԱՄՆ-ն պետք է օգտագործի հնարավոր բոլոր գործիքները, որպեսզի խուսափեն այդ տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից։
«Այսպիսով՝ մենք շատ պարզ հասկացրել ենք կողմերին, թե ինչի հույս ունենք, ինչպես նաև այլ կերպ առաջ շարժվելու հետևանքների մասին: Մենք անհամբեր կսպասենք տեսնելու, թե որտեղ կհայտնվեն կողմերը: Մենք գիտենք, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել շատ շուտով խաղաղության համաձայնագիր կնքելու, և մենք կցանկանայինք տեսնել, որ դա տեղի է ունենում»,- նշել է նա։
Ավելի վաղ Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար անընդունելի է ուժի կիրառումը Հայաստանի տարածքով տարանցիկ միջանցք ստեղծելու համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի մասնակցությամբ և համաձայնությամբ կառուցված միջանցքը կարող է «հսկայական օգուտ դառնալ ողջ տարածաշրջանի պետությունների համար»։
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց անկախությունը ճանաչելու. Բադալյան
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց անկախությունը ճանաչելու, «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նրա խոսքով՝...