Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը զարգացնում է երկկողմ հարաբերություններ այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է գտնում։ Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական համագործակցությունը, փոխանցում է «ТАСС»-ը։
«Մենք մեր հարաբերություններն ունենք Հայաստանի հետ։ Եվ, իհարկե, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Մենք կշարունակենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնել էր, որ ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը։