Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում ժամանակավոր դժվարությունները կարող են հաղթահարվել՝ երկրների միջև կապերի հետագա զարգացման հեռանկարով, փոխանցում է ТАСС-ը։
Գալուզինը նշել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների պատմական, մշակութային, հումանիտար և տնտեսական բազմաթիվ կապերը։ «Սա վստահություն է ներշնչում ինձ, ոչ միայն ինձ, այլև բոլորիս, որ մեր հարաբերություններում որոշ ժամանակավոր դժվարությունները հաղթահարելի են մեր բազմազան կապերի հետագա զարգացման համար»,- նշել է դիվանագետը։
Նոյեմբերի 22-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել էր Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների ապագայի վերաբերյալ հարցին։ Նա իրական մտադրությունները թաքցնելու փորձ էր անվանել Հայաստանի քաղաքական գիծն առանց արտաքին վեկտորը փոխելու դիվերսիֆիկացնելու հայտարարությունները։ Զախարովան կարծում է, որ Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ հանրապետությունը ստիպված է եղել այլընտրանք փնտրել՝ չստանալով Ռուսաստանի կողմից իր խնդրանքներին պատասխան, և «Հայաստանը չէ, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, այլ ընդհակառակը» փորձ է «խառնել պատասխանատվությունը, գտնել սեփական սխալ հաշվարկների պատասխանատուներին»։