Նման հուզական դրսևորումները չեն նպաստում մեր հարաբերությունների առողջացմանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» և «Աբովյան թայմ» հաղորդումների ընթացքում հնչած արտահայտություններին։
«Կարծում եմ, որ այն, ինչ մեր մեջ կա տեղեկատվական տիրույթում, չի կարելի բնութագրել միայն առանձին անձանց հայտարարություններով։ Նրանք իրենց անձնական կարծիքն են հայտնում, դա պաշտոնական դիրքորոշում չէ, երբեմն՝ հուզական, անձնական, ինչի հետ կարելի է նաև չհամաձայնել։ Իրապես շատ հուզական և անձնական երանգներով հայտարարությունները վստահաբար չեն նպաստում մեր հարաբերությունների առողջացմանը»,- նշել է նա՝ կարծիք հայտնելով, որ պետք չէ չափազանց մեծ նշանակություն տալ դրան՝ հաշվի առնելով երկու պետությունների և ժողովուրդների միջև հարաբերությունները։
ՀՀ-ում ՌԴ դեսպանը նշել է նաև, որ այս բավականին ծանր իրավիճակում պետք է շատ զգույշ լինել և «թացը չորից տարբերել»։
Դեկտեմբերի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 30 օրով կասեցրել էր «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի գործունեությունը:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարել էր, որ ռադիոյի հեռարձակման դադարեցումը զիջում է նրանց համար, ովքեր գնալով ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքով դաշնակցային հարաբերությունների խզման մասին։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մեկնաբանել էր «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու որոշման առնչությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության արձագանքը: