ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ իրականության մեջ չի բախվել հակառուսական տրամադրությունների։
«Ես երբեք այդպես չեմ կարծել, չեմ կարծում և չեմ կարծելու, որ հայ ժողովուրդը հակառուսական տրամադրություններ ունի, որովհետև ես բացառապես այլ իրողություն եմ տեսնում զուտ կենցաղային շփման և հարաբերությունների մեջ։ Հայերին հակառուսական տրամադրություններում չեն մեղադրել»,- նշել է նա՝ հավելելով, որ ավելի քանի 5 տարի ընտանիքի հետ ապրելով Հայաստանում՝ շատ ջերմ, բարի և դրական հարաբերություններ են ձևավորվել տարբեր խավերի բազմաթիվ մարդկանց հետ։
Կոպիրկինը երևույթի մեջ մեղադրել է 3-րդ ուժերին՝ նշելով, որ Ռուսաստանի վարկաբեկմանն ուղղված արշավ է սկսվել։
«Հասկանում եմ, որ մի ամբողջ արշավ է ձեռնարկված։ Մենք գիտենք, թե ինչ ուժեր են ներգրավված այդ արշավի մեջ, որ փորձում են սևացնել Ռուսաստանը և օգտագործել խնդիրները, որ երկրում կան՝ այդ նպատակին հասնելու և կասկածամտություն առաջացնելու համար։ Ես երբեք չեմ լսել, որ Ռուսաստանում պատասխանատու մակարդակով հայտարարեն, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան»,- հավելել է նա։
Նոյեմբերի 2-ին ՌԴ ԱԳՆ-ն «ցուցադրական հակառուսական ժեստ» էր անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանդիպումն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։