ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, որոնց շրջանակներում քննարկել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։
Խավիեր Կոլոմինայի հետ հանդիպմանը քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Վահան Կոստանյանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները՝ հանրահայտ սկզբունքներին համահունչ։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը:
Այս համատեքստում նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և խաղաղության պահպանմանը։
Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը ևս Վահան Կոստանյանն արձանագրել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, որի 4 հայտնի սկզբունքները՝ ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն ու հավասարություն, ավելի վաղ արդեն իսկ համաձայնեցվել էին կողմերի միջև:
ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչած ապակառուցողական ու խաղաղության օրակարգից շեղող հայտարարությունների վրա։
Կոստանյանը շեշտել է, որ ԽՍՀՄ նախկին անդամ պետությունները, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, միմյանց սահմանները ճանաչում են 1991թ․ դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ԽՍՀՄ փլուզման պահին առկա ամենավերջին քարտեզների հիման վրա: Նախարարի տեղակալը նաև ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման հրամայականը։
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ հունվարին կկայանա երկու երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում կքննարկվի միայն մեկ հարց՝ «Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը»։ Ալիևն անդրադարձել էր նաև Զանգեզուրի միջանցքին՝ նշելով, որ եթե միջանցքն ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ «Եթե իմ նշած երթուղին բաց չէ, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում»,- ասել էր նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվի հայտարարությունները համարել էր լրջագույն հարված խաղաղության գործընթացին։
ArmeniaToday-ի հետ զրույցում Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ Փաշինյանի՝ «ամեն ինչ տանք, ամեն ինչին համաձայնենք, որ հանկարծ Ադրբեջանը չջղայնանա» մոտեցումը հերթական անգամ տոտալ ֆիասկոյի ենթարկվեց: