Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն հայտարարել է, որ Ֆրանսիան շարունակական աջակցություն կցուցաբերի Հայաստանին, այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Հարավային Կովկասում մենք շարունակելու ենք մեր աջակցությունը Հայաստանին։ Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես պետք է խաղաղություն գտնեն. արդար և տևական խաղաղություն՝ հիմնված միջազգային իրավունքի և երկու պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա»,- ասել է Սեժուրնեն:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Հայաստանի վերաբերյալ պատմական որոշում կայացնելու մասին՝ չհստակեցնելով, թե ինչ որոշման մասին է խոսքը։
2023-ի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Ֆրանսիայից երեք ռադիոլոկացիոն կայան կգնի։ Երևանն ու Փարիզը նաև ապագայում զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ էին պայմանավորվել։ Նոյեմբերի 13-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարել է «Bastion» բազմանպատակային զրահամեքենաների խմբաքանակ՝ ռազմական օգնություն ցուցաբերելու շրջանակներում: Ավելի ուշ Վրաստանի Փոթիի նավահանգիստը կառավարող «APM Terminals Poti sudtverdili» ընկերությունը հաստատել էր ֆրանսիական «Bastion» տեսակի զինտեխնիկայի տարանցումը Հայաստան։