Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հունգարացի գործընկեր Կատալին Նովակի հետ մամուլի ասուլիսի ժամանակ իր այցը Հունգարիա «պատմական» է անվանել, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Այս այցը պատմական է երկարատև ընդմիջումից հետո: Իրականում՝ մենք նոր գործընթացի սկիզբ ենք դնում, և անձամբ ես ու մեր պատվիրակությունն այդպես ենք գնահատում: Ուզում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն ակտիվ վերսկսել հայ-հունգարական հարաբերությունների նոր ժամանակաշրջան և անել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգացում ունենան և տրամաբանական հունի մեջ մտնեն: Դա նշանակում է բարեկամական, եղբայրական հարաբերություններ, որոնք ունեցել ենք երկարաժամկետ, նույնիսկ անհիշելի ժամանակաշրջաններից»,- նշել է Խաչատուրյանը:
Նա նաև հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 երեխա հնարավորություն կունենա ամառային հանգիստն անցկացնել Հունգարիայում:
«Սա ոչ միայն հումանիստական, այլև բարեկամական քայլ է մեր կողմից գնահատվում: Վստահ եմ՝ այն մարդիկ, ովքեր հնարավորություն կունենան Հունգարիայում հանգստանալու, իրենք շատ անգամ ցանկություն կունենան գալ և տեսնել Հունգարիան»,- շեշտել է ՀՀ նախագահը:
Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը, իր հերթին, նշել է, որ 40 միլիոն հունգարական ֆորինտ են տրամադրել հայ ընտանիքներին, ովքեր ստիպված են եղել տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից:
Նովակը վստահեցրել է, որ Բուդապեշտը կանի ամեն ինչ՝ աջակցելու Հայաստանի և ԵՄ հարաբերություններին։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանն ամրապնդի հարաբերությունները Եվրամիության հետ: Դուք կարող եք մեզ վրա հույս դնել, և երբ Հունգարիան հուլիս ամսին ստանձնի Եվրամիության նախագահությունը՝ մենք ամեն բան կանենք, որպեսզի աջակցենք Հայաստանին և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև կարողանանք առաջ շարժվել Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացում»,- ընդգծել է Նովակը՝ ավելացնելով, որ Եվրամիությունը պետք է ամրապնդի իր հարաբերությունները Հարավային Կովկասի հետ և այդ հարցում Հունգարիան կարող է օգտակար լինել: