Հունգարիա կատարած այցի ընթացքում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Մենք դժվար ժամանակներ ենք հաղթահարել և հիմա պատրաստ ենք ջանքեր ներդնել մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ նկատի ունենալով այն, որ Հունգարիան առաջիկայում ստանձնելու է Եվրամիության նախագահությունը»,- նշել է նախագահը՝ հույս հայտնելով, որ Եվրամիության և միջազգային այլ հարթակներում արդյունավետ համագործակցություն կստեղծվի:
Իր հերթին՝ Օրբանը նշել է այցի ընթացքում Հայաստանի նախագահի հանդիպումների կարևորությունը՝ հույս հայտնելով, որ դրանք դրականորեն կազդեն նաև տնտեսական համագործակցության զարգացման վրա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև ոլորտային փոխգործակցության խթանման և առկա ներուժի լիարժեք իրականացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Բացի այդ, Խաչատրյանն ու Օրբանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր։ Նախագահը վերահաստատել է կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ։
Փետրվարի 6-ին Հայաստանի նախագահը հանդիպել էր Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ։ Բանակցություններից հետո Խաչատուրյանն իր այցը Հունգարիա անվանել էր «պատմական»։
Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարները 2022 թվականի դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակում կայացած հանդիպմանը պայմանավորվել էին վերականգնել երկու երկրների միջև դիվանագիտական լիարժեք հարաբերությունները։
Երևանը դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ խզել էր 2012 թվականի օգոստոսի 31-ին այն բանից հետո, երբ հունգարական իշխանություններն Ադրբեջանին էին արտահանձնել հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին։ Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի։ Սակայն 2012 թվականին Հունգարիայի իշխանությունների որոշմամբ մարդասպանը արտահանձնվել էր Ադրբեջան, որտեղ նրան Իլհամ Ալիևի կողմից ներում էր շնորհվել։