ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը: Նա ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի առանձնահատուկ ուշադրությունն ու ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, ինչպես նաև արդար ու կայուն խաղաղության հաստատմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Եվրոպական միության հետ ինտենսիվ խորացող երկխոսությունը, որը զարգանում է նաև նոր ուղղություններով՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը։