Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանային հարցերը շատ կարևոր են մեր օրակարգի համար։
«Դժբախտաբար, այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, վերջերս տեղի ունեցավ լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ մեծ կորուստների։ Հայ դիրքապահներ սպանվեցին Ադրբեջանի հետ սահմանին։ Ես կցանկանայի այս իրավիճակը ևս քննարկել Ձեզ հետ»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն գնահատում է այն դինամիկան, որ առկա է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում։
«Հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք սպասում ենք մեր ամերիկյան գործընկերների հետ բավականին ծավալուն օրակարգով նիստին։ Սա շատ լավ հնարավորություն կլինի՝ քննարկելու տարբեր հարցեր, մեր երկխոսությունն առավել արդյունավետ դարձնելու համար»,- նշել է վարչապետը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը: Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, և ամերիկյան կողմը գնահատում է նրա՝ կայուն խաղաղության հանդեպ հանձնառությունը։
«Մենք կարող ենք ուժեղացնել մեր երկրների միջև կապերը բոլոր ուղղություններով։ Մենք այս ամենը քննարկել ենք վարչապետ Փաշինյանի հետ»,- ասել է Բլինքենը։
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, մասնավորապես, արդեն իսկ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված սկզբունքների հիման վրա:
Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին և երկխոսությունը շարունակելու հույս հայտնել: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, հայտնում են գերատեսչությունից։
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ Բլինքենը մտադիր է հանդիպում ունենալ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։