Հայաստանի գլխին կախված սպառնալիքները մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ՝ արագ արձագանքել և կազմակերպել քայլեր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն:
«Կարծում եմ, որ Ձեր՝ պաշտպանության նախարարի հետ մեր թիմերի միջև շատ կոնկրետ ճանապարհ ենք մեզ համար ուղեգծել: Արդեն շատ բան ընթացքի մեջ է, բայց շնորհիվ այն երկկողմ հարաբերությունների և հանդիպման, որ Դուք ունեցաք նախագահ Մակրոնի հետ, մեզ թույլ տվեց այսօր առավոտյան ավելի առաջ ընթանալ՝ այն նույն ուղղություններով, որոնք մատնանշել էիք Փարիզում միասին»,- ասել է նա:
Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն փոփոխությունները, որ տեղի են ունենում երկու երկրների անվտանգային իրավիճակում և համագործակցության մեջ, տրամաբանված են և հիմնավորված:
«Ֆրանսիան առաջին երկրներից է, որ արձագանքում է անվտանգության ոլորտում մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու որոշմանը, որովհետև մեր հարաբերությունները շատ խորն են, բազմաշերտ։ Տրամաբանական է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում նույնպես այդ հարաբերությունները պետք է արտահայտվեն: Նախագահ Մակրոնի հետ մեր քննարկումներում միշտ ներկա է եղել անվտանգության կոմպոնենտը, և հիմա ուրախ եմ, որ այդ քննարկումները կոնկրետ արտահայտություն են ստանում, այդ թվում՝ Ձեր աջակցությամբ»,- ասել է վարչապետը:
Նշվւմ է, որ քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Կողմերը կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցությունը, այդ թվում՝ ռազմական կրթության, մարտական պատրաստության և այլ ուղղություններով: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:
Փետրվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԶՈւ նախարարի գլխավորած պատվիրակությունը։ Փետրվարի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարների համատեղ ասուլիսը։