Ռուսաստանը Հարավային Կովկասում կամ այլուր վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ, մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին հարցման:
«Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- պատասխանել են պետդեպից։
Փետրվարի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի դիտարկում ռուսական ռազմաբազան հանրապետության տարածքից դուրս բերելու հարցը։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին և Երևանից պարզաբանում է ակնկալում։