Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարները Բեռլինում՝ եռակողմ հանդիպման ժամանակ, քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն X սոցիալական ցանցում։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է, որ այս բանակցությունները «նպատակ ունեն շարունակել արդյունավետ քննարկումները, որոնք անցկացվել են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում» Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի ղեկավարների կողմից։ Նախարարի հայտարարության ձայնագրությունը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ YouTube-ի ալիքում։
«Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն երկար տարիների ցավոտ հակամարտությունից հետո հասնել կայուն խաղաղության։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, երկու երկրների խիզախ քայլերն են՝ անցյալը հետևում թողնելու և իրենց ժողովուրդների համար կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- ասել է Բերբոքը:
Նա նաև նշել է, որ բանակցությունները կշարունակվեն վաղը։ «Այսօրվա և վաղը կայանալիք ուղիղ երկխոսությունը, լավագույն միջոցն է հետագա առաջընթացի հասնելու համար»։ Բերբոքը հույս է հայտնել, որ գերմանական կողմը կարող է հարթակ ապահովել Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթացի համար։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եռակողմ հանդիպման ժամանակ։