Հայկական կողմն իրականացրել է Թուրքիայի հետ սահմանի բացման համար անհրաժեշտ աշխատանքները, այդ թվում՝ ենթակառուցվածքների վերականգնումը, և սպասում է Անկարայի պատասխանին, Reuters-ին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ Հայաստանը ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, այդ թվում՝ ընդհանուր սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Նա նաև հայտարարել է, որ Հայաստանն ունի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ հիմնվելով երկու կողմերի նախապես համաձայնեցված սկզբունքների վրա։
Նրա խոսքով՝ Երևանը ցուցաբերել է անհրաժեշտ քաղաքական կամք, այդ թվում՝ մարտի 1-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների բանակցություններում։
«Եթե ադրբեջանական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղության հաստատմամբ, մենք պարզապես պետք է համաձայնենք, որ ղեկավարների կողմից համաձայնեցված սկզբունքները շարադրվեն (թղթի վրա) և ստորագրվեն»,- ասել է դիվանագետը։
Իր հերթին՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչն այսօր «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Նա ասել է, որ աշխատանքներ են տարվում և որ Թուրքիան և Հայաստանը որոշել են հաջորդ հանդիպումն անցկացնել հարաբերությունների կարգավորման նպատակով, հանդիպման օրն ու վայրը կհամաձայնեցվեն։
Ավելի վաղ Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ Քըլըչը Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել էր հաջորդ շաբաթ հանդիպում կազմակերպել Երևանում։