Հայաստանը հումանիտար օգնություն կուղարկի Գազա, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ցավակցություն է հայտնել Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ:
«Մենք ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը, և միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին: Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիսիին` այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն»,- ընդգծել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության առումով Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին։
Նա գոհունակությամբ է նշել, որ Հայաստանը և Եգիպտոսն արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև մի շարք բազմակողմ հարթակներում։ «Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և երկխոսության մեջ»,- ավելացրել է նա:
Իր հերթին՝ Եգիպտոսնի նախագահը վստահություն է հայտնել, որ երկրների միջև համագործակցությունը բխում է երկու ժողովուրդների շահերից: Նա նշել է, որ հազարավոր հայեր ապրել են Եգիպտոսում և իրենց նպաստը բերել եգիպտական հասարակության զարգացման մեջ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և արվեստի։
«Հուսով եմ՝ այս այցը շատ կարևոր քայլ կլինի, որպեսզի երկու բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում ամրապնդվի և հզորանա համատեղ համագործակցությունը, ինչը կհարստացնի հարաբերությունները և պատմական կապերը, որոնք համախմբում են երկու երկրների ժողովուրդներին»,- ասել է աս-Սիսին:
Մարտի 5-ին Հայաստանն ու Եգիպտոսը գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության ծրագիր, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել: