ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը նվազել է, թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն ներգրավված է տարածաշրջանի անվտանգության խնդիրների լուծման գործում՝ հիշեցնելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին։ «[Առաքելության] տեղակայումից ի վեր լարվածությունը սահմանին նվազել է, և այն նպաստել է կայունությանը»,- ասել է Միրզոյանը։
Նա պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք Հայաստանը դիտարկո՞ւմ է ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը. «Հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները, որոնց մենք բախվել ենք վերջին 3-4 տարիների ընթացքում, ներկայումս Հայաստանում լայնորեն քննարկվում են բազմաթիվ նոր հնարավորություններ, և գաղտնիք չէ, որ ԵՄ-ին անդամակցելու գաղափարը նույնպես առկա է, քննարկվել է: Հայաստանի ժողովուրդն իսկապես եվրոպական ձգտումներ ունի»։
Նախարարը նշել է, որ Հայաստանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների էական խորացման գործընթացում է։ Միրզոյանի խոսքով՝ «ոչ ոք չի կարող կանխատեսել այս գործընթացի արդյունքը»: