Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, քանի որ նախկին ագրեսիաները նրա համար ոչ մի հետևանք չեն ունեցել, հայտարարել է ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
Արձագանքելով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը՝ դիվանագետն ընդգծել է, որ Ադրբեջանում ոչինչ չի կարող հրապարակվել առանց երկրի նախագահի հավանության, ով «լուրջ չի ընդունում գործողություններով չհիմնավորված նախազգուշացումները»:
«Մենք հավատում ենք, որ ԵՄ-ն կարող է կանգնեցնել Ալիևին՝ միանշանակ աջակցելով Հայաստանին»,- ասել է Բալայանը։
Մարտի 25-ին ադրբեջանական Telegram ալիքներում հրապարակումներ էին հայտնվել, ըստ որոնց՝ Հայաստանը ձգձգում է Տավուշի մարզի չորս գյուղի՝ Ադրբեջանին փոխանցելու գործընթացը։ Լրատվամիջոցները պնդում էին, որ «գյուղերը որքան հնարավոր է շուտ չվերադարձնելը» կդառնա Հայաստանի դեմ «ռազմական գործողություն սկսելու պատճառ»։ Նույն օրը Կլաարն «անընդունելի» էր անվանել Հայաստանի դեմ ուղղված այդ սպառնալիքները։
Մարտի 26-ին Բաքուն Կլաարին մեղադրել էր «կողմնակալության» մեջ՝ Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները դատապարտելու պատճառով: