Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպման օրակարգի մասին։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ընդգծել է, որ հանդիպումը նվիրված է լինելու տնտեսությանը, և օրակարգում անվտանգային հարցեր չեն քննարկվելու։
Նրա խոսքով՝ հանդիպումը փոխելու է ՀՀ հարաբերությունները Եվրամիության և ԱՄՆ-ի հետ:
«Օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են այն առումով, որ մենք ցանկանում ենք հասանելիություն ստանալ Եվրամիության և ԱՄՆ տեխնոլոգիաներին, շուկաներին: Պետք է մեկ կետից տնտեսական կախվածությունը փոխարինենք շատ գործընկերների հետ տնտեսապես փոխհարաբերություններ ունենալուն, բազմաթիվ գործընկերներ ունենալ»,- նշել է նա:
Գրիգորյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետաքրքրվածությունը Հայաստանին վերաբերող հարցերում: «Ֆրանսիան, դրական վերաբերմունք ունենալով Հայաստանի նկատմամբ՝ ավելի զգայուն է անվտագային հարցերին»,- նշել է նա:
ԱԽ քարտուղարը հավելել է, որ Ֆրանսիան ռազմարդյունաբերության արտահանման առումով աշխարհում երկրորդ տեղում է, և ՀՀ որևէ խնդիր չի տեսնում Ֆրանսիայից գնված կամ հետագայում ձեռքբերվելիք զենքի որակի հետ կապված։
Գրիգորյանը նաև հայտարարել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները ռազմավարական են և շարունակելու են զարգանալ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով հանդիպման նպատակը, կոչ էր արել ԵՄ-ին և ԱՄՆ-ին զերծ մնալ քայլերից, որոնք «կարող են հանգեցնել հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»։ Հայաստանի ԱԳՆ-ն մարտի 27-ին հայտարարել էր, որ Փաշինյանի, ֆոն դեր Լայենի և Բլինքենի առաջիկա հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։