Ադրբեջանն ու Հայաստանը պետք է լուծում գտնեն. ոչ ոք չի կարող լուծումներ պարտադրել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն մեծապես ներգրավված է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների գործընթացին՝ լուծելու բոլոր առկա խնդիրները։
«Բայց, ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծում գտնեն: Ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն։ Ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել: Եվրամիությունն այստեղ չի կարող մրցավարի դեր խաղալ»,- նշել է Ստանոն։
Նրա խոսքով՝ Հայաստանին Խաղաղության մեխանիզմից օգտվող երկրների ցանկում ներառելու մասին որոշումը կայացնում են անդամ երկրները:
«Քանի որ խոսքն անվտանգության քաղաքականության մասին է, ինչը գտնվում է անդամ պետությունների խիստ վերահսկողության ներքո, այնտեղ ցանկացած որոշում կարող է ընդունվել միայն բոլոր 27 անդամ պետությունների համաձայնությամբ»,- ասել է նա:
Ստանոն հայտնել է, որ շարունակում են դիմել ադրբեջանցի գործընկերներին՝ Արցախից տեղահանվածներին առանց սպառնալիքի իրենց տներ վերադառնալու երաշխիքներ տրամադրելու նպատակով։
«Մեր հիմնական պահանջներից մեկն այն է, որ պետք է երաշխավորվի այս մարդկանց վերադառնալու և անվտանգ ապրելու իրավունքը: Նրանց ունեցվածքը պետք է հարգվի, ինչպես նաև պետք է հարգվեն մշակութային և կրոնական խորհրդանիշներն ու սեփականությունը»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ հավելելով, որ այս հարցը փակված չէ:
Ստանոյի խոսքով՝ եթե ՀՀ-ն ավելի սերտ կապեր է զարգացնում ԵՄ-ի հետ, դա չի նշանակում, որ պետք է կրճատի կապերը որևէ այլ գործընկերոջ հետ:
«ԵՄ-ն այն դերակատարը չէ, որ ասի՝ եթե ուզում եք աշխատել մեզ հետ, պետք է հրաժարվեք բոլոր մյուս գործընկերներից: Մենք կողմ ենք ներառական համագործակցությանը։ Եթե դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում՝ եթե ուզում եք մեզնից ավելին ստանալ, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում»,- նշել է նա: