Հայաստանը կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին փոխարտգործնախարարի մակարդակով, «ՏԱՍՍ»-ին հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։
«Մենք ակնկալում ենք արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ութ պատվիրակության մասնակցությունը՝ չհաշված Բելառուսը։ Նրանք, հիմնականում, կգլխավորեն նախարարները, բայց կլինեն նաև լիազորված փոխնախարարների մակարդակով պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարարությունը»,- հայտնել են Բելառուսի գերատեսչությունից։
Զեկույցում նշվում է, որ ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ներկայացուցիչները կքննարկեն Համագործակցության գործունեության հարցերը և կուրվագծեն փոխգործակցության ամրապնդման հեռանկարային ուղղությունները։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ապրիլի 8-ին հայտնել էր, որ գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ապրիլի 12-ի նիստին։