ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 33 մլն դոլար կներդնի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության զարգացման համար, հայտնել է ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։
«Ես հնարավորություն ունեցա վարչապետ Փաշինյանին տեղեկացնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստվում է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել այս կարևոր առաջընթացի զարգացման համար»,- ասել է Փաուերը:
Նա ընդգծել է, որ 2022 թվականից Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների կրկնապատկման արդյունքում երկրների միջև ապրանքաշրջանառությունը միայն վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 17 տոկոսով։
Փաուերի խոսքով՝ օգնությունը ներառել է կանանց և երիտասարդների համար մրցունակություն ապահովելու ուսուցման ծրագրեր։ Նա նշել է, որ աջակցության շրջանակում Հայաստանի կառավարության հետ կաշխատեն «նոր կանոնների ընդունման ուղղությամբ, որոնք կբարելավեն ներդրումային միջավայրը ներմուծման և արտահանման ուժեղացման համար»։
«Վաշինգտոնի կողմից Երևանի աջակցությունը միտված է ցույց տալու, որ ժողովրդավարությունն իսկապես արդյունքներ է տալիս»,- եզրափակել է USAID-ի ղեկավարը:
Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հունվարի 8-ին 2023 թվականի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի խոշոր առևտրային գործընկերների թոփ հնգյակում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի 5-ին Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Եվրամիությունը ՀՀ-ին առաջիկա չորս տարվա կտրվածքով 270 մլն եվրո կհատկացնի: Բլինքենն, իր հերթին, հայտարարել էր Հայաստանին 65 մլն դոլարի օգնություն տրամադրելու ԱՄՆ պատրաստակամության մասին: