Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ վարչապետն ընդգծել է, որ «Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար»։
Փաշինյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ։ Նա նշել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտացոլվել են հրապարակված մամուլի հաղորդագրությունում, և հանդիպումը չի ունեցել որևէ գաղտնի օրակարգ։
Քննարկվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ «Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն արտահայտում է 2023 թ. հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր պայմանավորվածություններն առ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի ուշ հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, Բլինքենը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացին «դեպի տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր ձեռք բերելու ուղղությամբ»։
«Պետքարտուղարը կրկնել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք օգտագործելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Բլինքենը նշել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու ԱՄՆ-ի շարունակական ջանքերը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականը»,- ասված է հայտարարության մեջ։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 28 սահմանային սյուն է տեղադրվել։