Երևանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը, վտանգ չի ներկայացնում Մոսկվայի համար, Politico-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
«Հայաստանի աշխարհագրությունը նշանակում է, որ նա պատմականորեն և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն ֆանտաստիկայի սիրահարները կմտածեն, որ Հայաստանն ինքնասպանության քայլի կգնա՝ փորձելով խարխլել Ռուսաստանի շահերը տարածաշրջանում», – ԶԼՄ-ն մեջբերում է դեսպանին։
Նա նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները «հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա»։ Դեսպանի խոսքով՝ ներկայումս «ՀՀ ազգային շահերը պահանջում են, որ օրինակելի հարաբերություններ ունենանք ԵՄ-ի և նրա բոլոր անդամ երկրների հետ»։
«Սա չի բացառում լավ երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի հետ, և սա այն է, ինչ մենք ուզում ենք բացատրել մեր ռուս գործընկերներին»,- հավելել է Բալայանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել որպես «շրջադարձ դեպի Արևմուտք»՝ ի հաշիվ Ռուսաստանի։
«Երբ մենք քննարկում ենք այդ հարցերը ռուս դիվանագետների հետ, և ես նրանց ասում եմ, թե ինչ ենք անում, ես երբեք չեմ լսել հակափաստարկներ, թե ինչու չպետք է դա անենք, ինչպես կարող են եվրոպական և ամերիկյան ներդրումները Հայաստանի տնտեսությունում վնասել ռուսական շահերին»,- ասել է դիվանագետը: