Հայաստանը 2024 թվականին կդադարի մասնակցել ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,- նշել է Բադալյանը:
Նա հավելել է, որ ՀՀ-ն, միևնույն ժամանակ, չի առարկելու տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը։
Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի վերամասնակցությունն անհնարին կդառնա, եթե Հայաստանի նկատմամբ կազմակերպության դիրքորոշումը պահպանվի։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում չկա մեխանիզմ, որի վրա անդամ երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, մյուս երկրները կարող են հույս դնել:
2024 թվականի մարտի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։