ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Ռուսաստանն ու Բելառուսը, երբ մեղադրել է «ՀԱՊԿ երկու երկրներին, որոնք մասնակցել են 2020 թվականի պատերազմի նախապատրաստմանն» Ադրբեջանի կողմից։ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Gazeta.Ru-ին այսպես է մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը։
«Կարող ենք համարել [Ռուսաստանին և Բելառուսին]: Եվ, իմ կարծիքով, պետք չէ կռահել»,- ասել է Զատուլինը։
Ռուս պատգամավորի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ պատերազմում պարտվելու համար Փաշինյանը փորձում է ամբողջ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա։
«Իմ դիրքորոշումը վաղուց հայտնի է. Փաշինյանը ստախոս է և սրիկա, ով փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել դեպի Ռուսաստան՝ ձախողելով և կորցնելով այն ամենը, ինչի համար երկար տարիներ պայքարել են իր նախորդները և ողջ հայ ժողովուրդը»,- հավելել է Զատուլինը։
Մայիսի 22-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ գիտի ՀԱՊԿ առնվազն երկու երկրների, որոնք մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը։ Այսպես էր նա մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը, ով այցելելով Բաքվի կողմից օկուպացված Արցախի տարածքներ, ասել էր, որ հիշում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պատերազմից առաջ զրույցն այն մասին, որ ամենադժվար ժամանակը կլինի այն, երբ Ադրբեջանը կսկսի վերադարձված տարածքները վերականգնել։