ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել բարձրաձայնել այն երկրների անունները, որոնք, ըստ Փաշինյանի, 2020-ի 44-օրյա պատերազմի նախապատրաստման ժամանակ օգնել են Ադրբեջանին։ Զախարովան այսպես է մեկնաբանել Փաշինյանի մեղադրանքները՝ ՀԱՊԿ անդամ 2 պետությունների կողմից 44-օրյա պատերազմում Բաքվին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։
«Ես, անկեղծ ասած, հետաքրքրված եմ, թե նման ի՞նչ երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետը։ Ինձ թվում է՝ միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել այդ երկրների անունները, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան ամեն ինչ արել է, որպեսզի «Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա»։ Զախարովան մեկնաբանել է 2020-ին Հայաստանին «օգնելու իմիտացիայի»՝ Ռուսաստանին ուղղված մեղադրանքը։ Նա հիշեցրել, որ 2020 թվականի հոկտեմբերին հրադադարի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը մերժել է հենց Փաշինյանը՝ պնդելով ռազմական գործողությունները շարունակելու մասին։
Հայաստանի վարչապետը մայիսի 22-ին հայտարարել էր, որ գիտի ՀԱՊԿ առնվազն երկու երկիր, որոնք մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը։ Այսպես էր նա մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը, որը Բաքվի կողմից օկուպացված Արցախի շրջաններ այցելելիս հայտարարել էր, որ հիշել է պատերազմից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցն այն մասին, որ ամենադժվար ժամանակը կգա, երբ Ադրբեջանը կսկսի վերականգնել վերադարձված տարածքները:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մայիսի 23-ին հայտարարել էր, որ երբ Փաշինյանը ՀԱՊԿ երկու երկրներին մեղադրել է Բաքվին օգնելու մեջ, նկատի է ունեցել Ռուսաստանին և Բելառուսին։
Մանրամասները՝ տեսանյութում։