Հայաստանի կողմից արևմտյան երկրներին տվյալների ազգային բազաների հասանելիության փոխանցումն անհնար կդարձնի Ռուսաստանի և ՀԱՊԿ այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծումը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Սակայն չմտածված որոշումները, որոնք կապահովեն Արևմուտքի լիակատար հասանելիությունը տվյալների ազգային բազաներին, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկատվությանը, կարող են սպառնալիքներ առաջացնել։ Այդ հնարավոր որոշումները ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»,- ասել է նա:
Գալուզինը Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում սերտ կապերը վերջին տասնամյակներում անկախ Հայաստանի զարգացման առանցքային գործոն է համարել: Նա կարծում է, որ այսօր, որպես ՀՀ անվտանգության ապահովման մեխանիզմ, ՀԱՊԿ-ին արդյունավետ այլընտրանք չկա։ Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ Երևանը մտադիր է «պահից օգտվել այն պայմաններում, երբ Արևմուտքը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում փոխգործակցության ուժեղացման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 21-ին Երևանում հանդիպում էր ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության փոխտնօրեն Դևիդ Քոհենի հետ և քննարկել հայ-ամերիկյան հարաբերությունները, միջազգային օրակարգը: 2022 թվականի հուլիսին նա ընդունել էր նաև ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսին և նրա հետ քննարկել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։ 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի վարչապետը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։