Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազի՝ հունիսի 13-ի հայտարարության առնչությամբ, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկին ուղղված հայտարարությունները կապել էր «ՀՀ ներքաղաքական բարդ իրավիճակի հետ»։
Հունիսի 13-ին Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը և կառավարության անդամները Բելառուս չեն այցելի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վերջինիս Փաշինյանը մեղադրել է 44-օրյա պատերազմը նախապատրաստելու և Ադրբեջանի հաղթանակը ցանկանալու մեջ։ Հունիսի 13-ին Գլազը, արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին, նշել էր, որ «այսօր ներքաղաքական իրավիճակը Հայաստանում բարդ է»։
ՀՀ ԱԳՆ-ն հունիսի 14-ին Գլազի հայտարարությունները որակել է «միջամտություն՝ ՀՀ ներքին գործերին»։
«Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝ կապված Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազի հայտարարության հետ։ Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանք հղելիս՝ մաղթողն ինքը պետք է ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Հունիսի 13-ին Գլազը նաև հայտարարել էր, որ Մինսկում «տեսնում են, թե որքան սրընթաց է դիմակայությունը Հայաստանի ներսում»։
«Եվ տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր կերպ են դիմակայում հուզական ծանրաբեռնվածությանը, ինչը կարող ենք հասկանալ: Բայց մենք չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի այստեղ Բելառուսը։ Եթե ինչ-որ մեկը որոշել է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել արտաքին թշնամու կերպարով, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»,- ասել էր Գլազը։
Հունիսի 13-ին Բելառուսն ու ՌԴ-ն պատասխանել էին Փաշինյանի՝ Բելառուս չգնալու և ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններին։ Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին Փաշինյանի՝ Մինսկին ուղղված խոսքերն «իմպուլսիվ հայտարարություններ» էր որակել, որոնց, նրա խոսքով, Մինսկում հանգիստ են վերաբերվում։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում, միաժամանակ՝ Ռուսաստանը կշարունակի հավատարիմ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերություններին։ Հունիսի 13-ին Երևանը հայտարարել էր խորհրդակցությունների համար Բելառուսում իր դեսպան Ռազմիկ Խումարյանին հետ կանչելու մասին։ Նույն օրը՝ ավելի ուշ, Բելառուսը խորհրդակցությունների համար հետ էր կանչել ՀՀ-ում իր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։