Բելառուսը 2018-2022 թվականներին առաջադեմ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, ինչը Բաքվին առավելություն է տվել Հայաստանի հետ ռազմական կոնֆլիկտում, գրել է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներից ստացված տասնյակ նամակներ, դիվանագիտական գրառումներ և այլ փաստաթղթեր:
«Փաստաթղթերի թվում են սպառազինության արտահանման վերաբերյալ Բելառուսի պետական գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին։ Դրանք պարունակում են տեղեկություններ Ադրբեջանի համար նորագույն հրետանային սարքավորումների պատվերների մասին։ Կա նաև երկու երկրների միջև նամակագրություն՝ Ադրբեջանի զինված ուժերի համար «Гроза-С» շարժական հակատանկային համալիրների ձեռքբերման համաձայնեցման մասին»,- ասված է հրապարակման մեջ:
«Ժողովրդավարության և անվտանգության հայկական կենտրոնի» ռազմական վերլուծաբանը պարբերականին հաստատել է, որ այդ փաստաթղթերը վերաբերում են այն տեխնիկային, որն Ադրբեջանն օգտագործել է ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի դեմ վերջին հակամարտություններում: Ըստ փաստաթղթերի՝ Մինսկը Բաքվին առաջարկել է արդիականացնել հին հրետանային սարքավորումները և մատակարարել նոր տեխնիկա, որն օգտագործվում է ռադիոէլեկտրոնային պայքարի և անօդաչու թռչող սարքերի համակարգերի համար:
Պարբերականը հիշեցրել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի զինված ուժերը հենց հրետանին և ԱԹՍ-ներն օգտագործել Հայաստանի դեմ։ Բելառուսի և Ադրբեջանի կառավարությունները Politico-ին չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ գիտի ՀԱՊԿ առնվազն երկու երկիր, որոնք մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը: Նա այդպես էր մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը, որը Բաքվի կողմից օկուպացված Արցախի շրջաններ այցելելիս հայտարարել էր, որ հիշել է պատերազմից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցն այն մասին, թե «ամենադժվար ժամանակը կգա, երբ Ադրբեջանը կսկսի վերականգնել վերադարձված տարածքները»։
Փաշինյանը հունիսի 13-ին, որպես ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի վերաբերմունքի փոփոխության պայման, մատնանշել էր Բելառուսի հեռացումը կազմակերպությունից։ Նա նաև հայտարարել էր, որ քանի դեռ Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է, ՀՀ կառավարության ոչ մի ներկայացուցիչ չի այցելելու այդ երկիր։ Փաշինյանը զուգահեռ նշել էր, որ այդ վերաբերմունքը կփոխվի, եթե Լուկաշենկոն ներողություն խնդրի հայ ժողովրդից 2020 թվականի պատերազմի ընթացքում Բաքվին սատարելու խոսքերի համար: Նույն օրը Բելառուսում Հայաստանի դեսպանին կանչել էին Երևան՝ խորհրդակցությունների, նույն նպատակով Բելառուսը հետ էր կանչել Հայաստանում իր դեսպանին։