Բելառուսի ընդդիմության առաջնորդ, 2020 թվականի ընտրություններում Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան սատարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը հունիսի 13-ին հայտարարել էր, որ ինքը և ՀՀ որևէ պաշտոնյա երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնում է Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Նա հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն կմնա իշխանության ղեկին։ Նա իրավացի է․ Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին, ինչպես դավաճանել է Ուկրաինային»,- X-ում գրել է բելառուս քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ աշխարհին անհրաժեշտ է ազատ և ժողովրդավարական Բելառուս՝ որպես խաղաղության հուսալի գործընկեր, ոչ թե դավաճան բռնապետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ գիտի ՀԱՊԿ առնվազն երկու երկիր, որոնք մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը: Նա այդպես էր մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը, որը Բաքվի կողմից օկուպացված Արցախի շրջաններ այցելելիս հայտարարել էր, որ հիշել է պատերազմից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցն այն մասին, թե «ամենադժվար ժամանակը կգա, երբ Ադրբեջանը կսկսի վերականգնել վերադարձված տարածքները»։
Փաշինյանը հունիսի 13-ին, որպես ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի վերաբերմունքի փոփոխության պայման, մատնանշել էր Բելառուսի հեռացումը կազմակերպությունից։ Նա նաև հայտարարել էր, որ քանի դեռ Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է, ՀՀ կառավարության ոչ մի ներկայացուցիչ չի այցելելու այդ երկիր։ Փաշինյանը զուգահեռ նշել էր, որ այդ վերաբերմունքը կփոխվի, եթե Լուկաշենկոն ներողություն խնդրի հայ ժողովրդից 2020 թվականի պատերազմի ընթացքում Բաքվին սատարելու խոսքերի համար: Նույն օրը Բելառուսում Հայաստանի դեսպանին կանչել էին Երևան՝ խորհրդակցությունների, նույն նպատակով Բելառուսը հետ էր կանչել Հայաստանում իր դեսպանին։
Հունիսի 14-ին ՀՀ-ն բողոքի նոտա էր հղել Մինսկին՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազի՝ հունիսի 13-ի հայտարարության առնչությամբ, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկին ուղղված հայտարարությունները կապել էր «ՀՀ ներքաղաքական բարդ իրավիճակի հետ»։ ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախարարներին կարգադրել է չայցելել Բելառուս։