Հայաստանի կառավարությունը հանձնառու է խորացնել երկկողմ համագործակցությունը Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգուն համահունչ՝ ի շահ մեր երկրների և բարեկամ ժողովուրդների, ազգային տոնի առթիվ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին ուղղված ուղերձում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգացում են ապրել՝ խարսխված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա»,- նշել է Փաշինյանը։
Այս համատեքստում վարչապետն առանձնահատուկ կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին։
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավոր Չարլզ երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի գալիք տարիները Միացյալ Թագավորության և բրիտանացի բարեկամ ժողովրդի համար նշանավորվեն խաղաղությամբ, բարգավաճմամբ և շարունակական հաջողություններով»,- ասված է ուղերձում։