Դեռ վաղ է քննարկել Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման հնարավորությունը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Դեռ վաղ է այս մասին խոսել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պե՞տք է սպասել հանրապետությունում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն՝ կապված Երևանի քաղաքականության փոփոխության հետ։
Հայաստանի և ԱՄՆ կառավարությունները հունիսի 11-ին մաքսային մարմինների փոխօգնության համաձայնագիր էին կնքել: Միացյալ Նահանգները նաև հայտարարել էր Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին աջակցությունը շարունակելու մասին: Երևանը Վաշինգտոնի հետ ռազմավարական երկխոսություն էր սկսել 2022 թվականի մայիսին։