Կիևում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են փոխադարձ կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման հեռանկարները, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են առևտրատնտեսական, իրավապայմանագրային և այլ ուղղություններով համագործակցության հարցեր:
«Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շարունակական շփումներն ու մտքերի պարբերական փոխանակումը»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ուկրաինական կողմը մանրամասն տեղեկացվել է Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերի վերաբերյալ։
Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ուկրաինականը՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվհեն Պերեբիյնիսը:
2023 թվականի հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում՝ եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում, կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ 2023թ․ դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը Բուենոս Այրեսում հանդիպել էր Զելենսկու հետ։
Հունիսին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կիևի քաղաքապետ Կլիչկոյին հրավիրել էր Հայաստանի մայրաքաղաք։