ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունից հայտնում են, որ Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ քայլ։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է այդ հարցում ՀՀ սկզբունքային մոտեցումն, որը մինչ այս էլ դրսևորվել էր միջազգային հարթակներում ՀՀ քվեարկություններում՝ ի պաշտպանություն «երկու պետություն» սկզբունքի և երկու ժողովուրդների օրինական ձգտումների:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Արարատ Միրզոյանը և Այման ալ Սաֆադին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ և անդրադարձ կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացվող այլ հարցերի։
Հորդանանի ԱԳՆ-ն ևս մանրամասներ է հայտնել հեռախոսազրույցի վերաբերյալ՝ նշելով, որ ալ Սաֆադին և Միրզոյանը քննարկել են Գազայի հատվածի դեմ իսրայելական ագրեսիան դադարեցնելու ջանքերը, ինչպես նաև այն անօրինական միջոցները, որոնք Իսրայելը ձեռնարկում է բռնազավթված Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցիների դեմ և հարձակումները գրավյալ Երուսաղեմի իսլամական և քրիստոնեական սրբավայրերի վրա, այդ թվում՝ Հայ եկեղեցու, նրա հպատակների ու նրա ունեցվածքի դեմ։
Ալ Սաֆադին զգուշացրել է Գազայի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիայի վտանգների և օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափում, ներառյալ Երուսաղեմում, նրա անօրինական միջոցառումների վտանգավոր հետևանքների մասին: Երկու նախարարներն ընդգծել են միջազգային իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու և դրանք նույն չափանիշներով կիրառելու անհրաժեշտությունը։
Բացի այդ, կողմերը քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղիները։ Նրանք պայմանավորվել են շարունակել համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի քննարկումը առաջիկա հանդիպման ժամանակ, որի ժամկետը նախարարները կորոշեն ավելի ուշ։
Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Հայտարարության մեջ ասվում էր, որ Երևանը պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման «երկու պետություն» սկզբունքը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Հայաստանի քայլը «համարձակ և կարևոր որոշում» էր որակել։ Նա ընդգծել էր, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «կարևորագույն քայլ է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ճանապարհին»։