Երևանը պատրաստ է քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության խնդրանքին։
Այսպես է գերատեսչությունը մեկնաբանել Ադրբեջանի պահանջը՝ համատեղ դիմել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) և լուծարել Մինսկի խումբը, որն ստեղծվել էր 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար։
«Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և, առաջին հերթին, խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։
Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։ Նրա խոսքով՝ Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստն իր վերջնական փուլում է, ինչը թույլ է տալիս մոտ ապագայում խաղաղություն կնքել Բաքվի հետ։ Փաշինյանը հայտնել էր, որ կնքման համար վերջին քայլերն են մնացել, սակայն չէր պարզաբանել, թե համաձայնագրի որ դրույթներն են քննարկվում և որոնք պետք է վերջնական տեսքի բերվեն։
Հունիսի 6-ին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։ Նույն օրը Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։