Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին ադրբեջանական կողմի պահանջը:
«Խաղաղության համատեքստում, կարծում ենք, հնարավոր է նման որոշում կայացնել։ Երբ խաղաղությունը կայացած փաստ դառնա, այդ ձևաչափի գոյությունը կարող է հարցեր առաջացնել։ Խնդիրն այստեղ ժամկետի հարցն է։ Իմ տրամաբանությամբ՝ ընդհանրապես որևէ գործում պետք չէ կառքը ձիուց առաջ դնել և հարց է, թե արդյոք արդյունավետ է և ճիշտ ճանապա՞րհ է այդ թեման քննարկման առարկա դարձնել հիմա։ Կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրել է Բաքվի փաստարկներն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից Երևանի հրաժարվելը խոսում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների, ինչպես նաև այն մասին, որ նմանատիպ պահանջներ պարունակում է ՀՀ սահմանադրությունը:
Նա կրկին շեշտել է, որ Երևանը որևէ տարածքային պահանջ չունի Բաքվի նկատմամբ:
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կա հղում 1991թ․ պետական անկախության մասին ակտին, որն, իր հերթին, պարունակում է հղում Ադրբեջանի 1918 մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի անկախության հռչակագրին:
«Անկախության ակտի մեջ նշված է, որ այսօրվա Ադրբեջանը 1918-20թթ․ Ադրբեջանի իրավահաջորդն է։ Իսկ 1918-20թթ․ Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են Հարավային և Արևելյան Անդրկովկասը։ 1919թ․ Անտանտին ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել այսօրվա Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ և Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու և Շիրակի մարզերի նկատմամբ՝ մասամբ»,- ասել է նա:
Վարչապետը շեշտել է, որ ի տարբերություն Հայաստանի սահմանադրության՝ Ադրբեջանի մայր օրենքը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Ըստ նրա՝ հայկական կողմը խնդիր է տեսնում դրա մեջ, բայց չի բարձրացնում այս հարցը, քանի որ խաղաղության պայմանագրի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը պայմանագրի դրույթները չկատարելու համար:
«Սա արձանագրվում է, մնացածը պատմություն է: Պատմությունը չես կարող ջնջել»,- ավելացրել է Փաշինյանը:
Հուլիսի 20-ին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։ Նա ընդգծել էր, որ Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Հունիսի 6-ին Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։ Նույն օրն Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։