Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում երկկողմ հանդիպում կանցկացնեն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում, որին մասնակցելու համար ԱՄՆ-ում են և՛ Փաշինյանը, և՛ Էրդողանը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Էրդողանը Փաշինյանին կընդունի Նյու Յորքի «Թուրքական տանը»։ Էրդողանը կհանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Armenia Today-ի խմբագրությունը Փաշինյանի և Էրդողանի հնարավոր հանդիպման լուրի վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։ Կառավարությունից դեռ չեն արձագանքել հարցմանը։
2023 թվականի հունիսին Հայաստանի վարչապետը մասնակցել էր Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Փաշինյանն ու Էրդողանը հունիսի 18-ին հեռախոսով քննարկել էին տարածաշրջանային վերջին զարգացումները և միջազգային օրակարգը: Հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր Թուրքիայի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու Երևանի պատրաստակամության մասին: