Հայաստանը սատարել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահներին աջակցելու համատեղ հայտարարությանը, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հայտարարության ընդունումը նախաձեռնել է Լեհաստանը։ Հայտարարությունը, որին միացել է շուրջ 40 երկիր, վերահաստատել է լիակատար աջակցություն ՄԱԿ-ի կոնտինգենտի առաքելությանը և գործունեությանը։ Հայտարարությունը դատապարտել է UNIFIL-ի խաղաղապահների վրա վերջին հարձակումները՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել նման գործողությունները և դրանց պատշաճ հետաքննություն սկսել:
«Հակամարտող կողմերին հորդորում ենք հարգել UNIFIL-ի ներկայությունը, որը պահանջում է մշտապես երաշխավորել իր անձնակազմի անվտանգությունն ու պաշտպանությունը, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրականացնել իրենց մանդատը, միջնորդական աշխատանքը և աջակցել Լիբանանում խաղաղությանը և կայունությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ինդոնեզիայից և Շրի Լանկայից 4 խաղաղապահ Լիբանանում վիրավորվել էր Իսրայելի հարվածների հետևանքով։ Հոկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ պահանջելով անհապաղ դուրս բերել UNIFIL-ի խաղաղապահներին մարտական գոտուց։
Հոկտեմբերի 1-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունն Armenia Today-ին հայտնել էր, որ Լիբանանում ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զորախումբը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է։