Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակում է տեղակայված մնալ ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որի ներկայությունը համարում ենք պահանջված, ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ առաքելության դերակատարումը կարևոր գործոն է հատկապես այն ժամանակներում և այն հռետորաբանության պայմաններում, որում ապրում ենք և որին ականատես ենք լինում։
«Մեր համոզմունքն է՝ քանի դեռ Հայաստանը չունի սահմանազատված սահմաններ Ադրբեջանի հետ և քանի դեռ ՀՀ զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու կամ խաղաղությունը խախտելու վերաբերյալ հնչում են շինծու մեղադրանքներ, շարունակելու ենք ԵՄ քաղաքացիական առաքելության կարիքն ունենալ»,- ասել է Միրզոյանը։
2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA) և ունի երկամյա մանդատ։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում իր դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: ԵՄ առաքելության օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում։ Առաքելության նպատակն է կայունացնել իրավիճակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ամրապնդել հակամարտություններից տուժած շրջաններում մարդկանց վստահությունն ու անվտանգությունը և ԵՄ աջակցությամբ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմաններ։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին հույս էր հայտնել, որ ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Հոկտեմբերի 23-ին Միրզոյանը հայտնել էր, որ Բրյուսելը դիտարկում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու հարցը։