ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու՝ որպես օգնություն, գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն, ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները:
Սարգսյանը նշել է, որ ռազմավարական համագործակցության ձևաչափը չի ենթադրում ամերիկյան ռազմաբազաների տեղակայում կամ ռազմական ներկայացուցիչների ներկայություն Հայաստանի տարածքում։ Նա հիշեցրել է, որ Վրաստանը 2009 թվականից ունի ԱՄՆ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ, սակայն դա չի խանգարել վերջին տարիներին Վրաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների վատթարացմանը։
«Անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, Միջազգային զինվորական կրթության և ուսուցման ծրագրի միջոցով մասնագիտական զինվորական կրթության հնարավորություններին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա պետական գործընկերության շարունակություն»,- պարզաբանել է փորձագետը։
Նրա խոսքով՝ համաձայնագրով ստացված լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը կուղղվի տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ծրագրերին։ Նաև համաձայնագրի արդյունքում հնարավոր է Հայաստանում տեղակայել ամերիկյան փոքր միջուկային կայաններ, հավելել է Սարգսյանը։
Նա մատնանշել է այս փաստաթղթի իրականացման դժվարությունները՝ կապված ԱՄՆ-ում նախագահական վարչակազմի մոտալուտ փոփոխության հետ։ Այս հարցում հաջողությունը կախված կլինի բացառապես Երևանի աշխատանքից, եզրափակել է նա։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ հունվարի 14-ին, Վաշինգտոնում փաստաթուղթ կստորագրեն ռազմավարական համագործակցության մասին:
Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մայիսին՝ Միրզոյանի և Բլինքենի Վաշինգտոնում հանդիպումից հետո։ Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։