Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունից հետո մամուլում և սոցիալական ցանցերում սկսեցին տարբեր անուններ շրջանառվել նախագահի հավանական թեկնածուների վերաբերյալ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա:
Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից 7 տարի ժամկետով: Նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը երկրի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: