Ընդդիմությունը հայտարարել է, որ մնում է Ֆրանսիայի հրապարակում, ինչպես նաև նախատեսում է մայիսի 2-ից զանգվածային անհնազանդության ակցիաներ անցկացնել:
Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Այս պահից սկսած այս հրապարակը պատկանում է ժողովրդին»,- հայտարարել է նա: Պատգամավորը տեղեկացրել է, որ շուտով հրապարակում կտեղադրվեն վրաններ և անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի գիշերը տեղում անցկացնեն։
«Վաղը առավոտյան՝ ժամը 8։30-ից սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաներ։ Վաղը բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ կփակվեն. Երևանի Կենտրոն համայնքում մեքենաների որևէ շարժ չպետք է լինի»,- հայտարարել է նա։
Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ է արել մայիսի 2-ից գործադուլ սկսել։ Նմանատիպ կոչերով նա դիմել է նաև մարզաբնակներին։