Պետք է սկսվի նոր շարժում՝ անկախության շարժում, այն պետք է մեկնարկի 2022թ․ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը և ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության հռչակման օրը։ Այսինքն՝ ամենաուշը սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը պետք է ՀՀ վարչապետ չլինի։ Այդ մասին այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Ըստ նրա՝ այս պահին գոյություն ունի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու երեք սահմանադրական ճանապարհ․ առաջինն իր գիտակցված հրաժարականն է վարչապետի պաշտոնից․ ՀՀ Սահմանադրությունը դա թույլ է տալիս։ Երկրորդն իրավանական ճանապարհն է, որը, ցավոք, մինչև հիմա գործի չի դրվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանցավոր անգործության հետևանքով։
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու երրորդ տարբերակն օգոստոսի 2-ից հետո է ծագել, երբ լրացել է վարչապետի պաշտոնում նրա վերընտրվելու մեկ տարին, և ԱԺ պատգամավորների 1/3-ն իրավունք ունեն անվստահություն հայտնելու նրան։
«Դրա համար նրանք վարչապետի թեկնածու պետք է ունենան։ Առայժմ ընդդիմադիր ուժերը չունեն վարչապետի թեկնածու։ Մենք, սակայն, ունենք թեկնածուի գաղափար, բայց այսօր դեռ չեմ ուզում անուն հայտարարել։ Դա կքննարկենք ընդդիմադիրների հետ, նոր այդ մասին հայտարարություն կարվի»,-նշեց նա:
Այնուհետև, Էդգար Ղազարյանը դիմեց առաջին գումարման Գերագույն խորհրդի բոլոր պատգամավորներին, ովքեր ողջ են և ՀՀ-ում են, և խնդրեց, որ օգոստոսի 23-ին հավաքվեն Մելիք Ադամյան 1 հասցեում գտնվող կառավարության շենքի նիստերի դահլիճում, որտեղ 32 տարի առաջ իրենք ընդունել են մեր պետության հիմնադիր փաստաթուղթը՝ ՀՀ անկախության հռչակագիրը։
«Մենք միայն այդպես կարող ենք փրկել մեր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, մեր պետականությունը։ Արցախը թշնամուն հանձնելու որևէ իրավական հիմք գոյություն չունի, միակ իրավական հիմքը, որն ստեղծել է այս պետությունը, Անկախության հռչակագիրն ու ՀՀ Սահմանադրությունն են»,-շեշտեց Էդգար Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: