ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ Քննչական կոմիտեին դեռևս չի հաջողվել ապացույցներ ձեռք բերել, գրում է «Հրապարակ»-ը։
Անցած շաբաթ մոտ հարյուր մարդ է հարցաքննվել, գրում է թերթը, և երկու հոգու՝ Երևանի բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի և ԵՊԲՀ արհմիութենական կազմակերպության նախկին նախագահ Մարտ Սիմոնյանի ցուցմունքները կարող են «եղանակ փոխել»։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աշոտյանի դեմ ո՛չ Նարիմանյանը, ո՛չ Սիմոնյանը ցուցմունք չեն տվել, որը նախաքննության մարմնին հիմք կտար նրա կալանավորման համար»,- գրում է թերթը։
Հրապարակման համաձայն՝ հարցաքննությունները կատարվել են 2015 թվականին Բժշկական համալսարանի կողմից Սևանի Հանգստյան տան գույքը ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Նոյեմբերի 6-ին Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր իրեն ձերբակալելու իշխանությունների մտադրության մասին և դրա համար որոշել «վերակենդանացնել» 4 տարվա վաղեմության գործն ու հարցաքննել տարբեր անձանց՝ նրա դեմ ապացույցներ ձեռք բերելու համար։
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միխայիլ Նարիմանյանի նկատմամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 39,66 մլն դրամ (մոտ 100.000 ԱՄՆ դոլար) գույք հափշտակել է։ Նարիմանյանը մեղադրվում է Ծովասար հյուրանոցային համալիրի մի քանի քոթեջներ ուռճացված գներով ձեռք բերելու մեջ։ Մեղադրանք է առաջադրվել նաև ԵՊԲՀ արհմիութենական կազմակերպության նախագահ Մարտա Սիմոնյանին՝ հանցավոր սխեմային մեղսակցության համար։