«Հայաստան» խմբակցությունից հերքում են պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ մանդատը վայր դնելու մտադրության մասին տեղեկությունը:
Խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ նման հարց խմբակցությունում չի քննարկվում և իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ:
Նշենք, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի հոդվածի՝ Արամ Վարդեւանյանը «Հայաստան» դաշինքի խմբակցությունում միակ պատգամավորն է, որ մտադիր է վայր դնել պատգամավորական մանդատը։ Չնայած դաշինքում նրան փորձում են համոզել, որ հետ կանգնի որոշումից, սակայն դաշինքի մեր աղբյուրները հայտնում են, որ պատգամավորը վճռական է տրամադրված՝ նա ասում է, որ շնչահեղձ է լինում ՔՊ-ական խորհրդարանում։ Անցած շաբաթ ընդդիմությունը՝ մեծ մասով, վերադարձավ խորհրդարան, իսկ Վարդեւանյանը չներկայացավ ո՛չ ԱԺ նիստերին, ո՛չ քվեարկություններին, ո՛չ հայտարարությունների ժամին։
Ռոբերտ Քոչարյանի երբեմնի փաստաբան Վարդեւանյանը խմբակցության այն թեւից է, որը դեմ էր խորհրդարան վերադառնալուն։ Դեմ են նաեւ Վահե Հակոբյանն ու իր որոշ կուսակիցներ, ովքեր նույնպես անցած շաբաթ խորհրդարան չեն գնացել, բայց, թերթի տեղեկություններով, առայժմ չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից, իսկ ոմանք էլ, ինչպիսիք են Անդրանիկ Թեւանյանը, Արեգնազ Մանուկյանը եւ այլք, ենթարկվեցին խմբակցության միասնական որոշմանը եւ, չնայած մասնակիորեն, մասնակցում են նիստերին։