Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո ՔՊ-ն երկու ճանապարհ ունի՝ կա՛մ պետք է գնա ավագանու արտահերթ ընտրությունների, կա՛մ էլ ավագանու անդամներից մեկին ժամանակավոր պաշտոնակատար ընտրի՝ մինչև ավագանու հերթական ընտրություններ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթը հայտնում է, որ Սարգսյանի՝ հրաժարականի մասին որոշումն անակնկալ է եղել ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ողջ ՔՊ-ի համար։
«Ակնհայտ էր, որ հրաժարականի մասին հայտարարելիս Սարգսյանը բավականին հուզված էր, խոսելու ընթացքում կուլ էր տալիս տառերը, շնչակտուր էր խոսում։ Սարգսյանը տևական ժամանակ կապի դուրս չի եկել ավագանու «Իմ քայլը»-ի իր թիմակիցների հետ, նրանց անորոշ վիճակի մեջ է դրել: Երեկ, երբ մամուլը գրեց հրաժարականի մասին, նա անհետացել էր»,- գրում է օրաթերթը։
Ըստ աղբյուրի՝ Փաշինյանի սրտով չի եղել Հրաչյա Սարգսյանի հեռանալը, քանի որ պաշտոնավարման ողջ ընթացքում հլու-հնազանդ ենթարկվել է իրենց բոլոր որոշումներին:
«Մեր տեղեկություններով՝ հենց ՔՊ թեկնածու Տիգրանն Ավինյանն է այնպիսի իրավիճակ ստեղծել քաղաքապետարանում, որպեսզի Սարգսյանն ինքնակամ հեռանա, քանի որ ինքն էլ գիտակցել է, որ ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Հրաչյա Սարգսյանի վարկանիշը բարձրանում է»,- հայտնում է «Ժողովուրդը»:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Հրաչյան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Նա հիշեցրել է, որ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է լինելու առաջիկա քաղաքապետի թեկնածուն և հաջողություն է մաղթել նրան։
Սարգսյանը Երևանի քաղաքապետ էր դարձել Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո։ Նա հայտարարել էր, որ չի պատրաստվում դառնալ ՔՊ կուսակցության անդամ։