Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քվեարկությամբ դադարեցրեց Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 64-ը։
«Քվեատուփում առկա էր 64 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկների թիվը 1-ն է։ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ է քվեարկել 1 պատգամավոր»,- հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը։
ԱԺ արտահերթ նիստից առաջ՝ հուլիսի 11-ին, Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, որ չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին, որտեղ քննարկվելու է իր պաշտոնազրկման հարցը: Նա ներկայացրել էր իր հիմնավորումները։
Հուլիսի 10-ին ՔՊ-ն ներկայացրել էր Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագիծը։ Ըստ նախագծի՝ Թովմասյանին պաշտոնից հեռացնելու համար կա մի քանի պատճառ։ Որոշման նախագծում նշված է, որ ԱԺ գործունեության ընթացքում անցկացված 46 խորհրդի նիստերից պատգամավորը մասնակցել է միայն 8-ին։
Բացի այդ, ըստ նախագախի, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ լինելու հետ մեկտեղ Թովմասյանը բազմիցս անտարբեր կեցվածք է դրսևորել հազարավոր ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը վիրավորելու և ատելության խոսքի նկատմամբ, ինչով նպաստել է դրանց կրկնությանը։
Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու ՔՊ-ի ծրագրերի մասին ԶԼՄ-ները հայտնել էին դեռ մայիսին։ Թովմասյանը Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ է դարձել 2021 թվականի օգոստոսին։