Խորհրդարանական ընդդիմությունը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կոչը՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստի փակ հատվածին։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները։
«Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը մերժումը բացատրեց նրանով, որ հանձնաժողովը, որը կոչված է բացահայտել պատերազմի բոլոր հանգամանքները, իրականում ամեն ինչ անում է դրանք թաքցնելու համար։ Վարդանյանն արձագանքեց նաև Տոնոյանի այն խոսքերին, որ եթե հանդիպմանը չմասնակցեն ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, որոնք, ըստ նրա, ինստիտուցիոնալ հիշողություն ունեն, ինքը կխնդրի չմեկնաբանել նախարարի պաշտոնում իր գործունեությունը:
Պատգամավորի խոսքով՝ Տոնոյանն այն մարդը չէ, ով կարող է վերջնագրի լեզվով խոսել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, «մանավանդ այն ամենից հետո, ինչ եղել է»։ Տոնոյանի այս հայտարարությունները, նրա կարծիքով, տեղին չեն, հաշվի առնելով նաև այն, որ նա պատասխանատու է նաև այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Հայաստանում վերջին տարիներին։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նույնպես բացառեց խմբակցության մասնակցությունը հանձնաժողովի նիստին: Նա հիշեցրեց, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան»-ը, երկու անգամ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ իրենց վերաբերմունքն են արտահայտել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նկատմամբ։ Պատգամավորը չցանկացավ մեկնաբանել Տոնոյանի հայտարարությունը:
ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննչական հանձնաժողովը ստեղծվել է 2021 թվականի փետրվարի 10-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ՝ վեց ամիս ժամկետով։ Նրա աշխատանքը մի քանի անգամ երկարացվել է, 2023 թվականի մայիսին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացվել է ևս վեց ամսով։